Մենք մեռնել չունենք...


Չենք ուզում կռիվ, ոչ էլ պատերազմ, ոչ թափված արյուն,
Ավերված տներ, արցունքոտ մայրեր տեսնել չենք ուզում,
Չե՜նք հրահրում, սկիզբ չե՜նք դնում, չե՜նք նախաձեռնում,
Բայց զգո՜ւյշ եղեք, զուր եք խաղ անում…

Հայի տեսակը անմահ է, զորեղ, ու չկա այսօր որևէ մի զենք,
Որ կարող լինի մեզ ոչնչացնել, չէ՜, մենք կանգուն ենք մեր լեռների պես,
Մեր արմատները խորն են չափազանց, գագաթներս էլ՝ երկինք է ուղղված,
Փեշեր ենք փռել ամբողջ աշխարհում, ու կանգուն ենք մենք մեր լեռների պես:

Մենք գիտենք սիրել, գիտենք և ներել, մեր հարևանին օգնության հասնել,
Բայց գիտենք նաև մի ակնթարթում մեծ բռունցք դառնալ ու մեզ պաշտպանել,
Զո՜ւր էին զենքերը՝ ուղղված հայի դեմ… Մենք մեռնել չունենք,
Հային պաշտպանող, հային բարձրացնող մենք Աստված ունենք:

Պարզապես թողեք մեր հողերի մեջ աշխատենք հանգիստ
Ու էլ չփորձեք արթնացնել հանկարծ քնած առյուծին,
Չփորձեք հանկարծ ոչինչ համարել խրոխտ հայեցուն,
Չփորձեք հանկարծ կասկածել հայի մարտական ոգուն:

Զո՜ւր էին զենքերը՝ ուղղված հայի դեմ… Մենք մեռնել չունենք,
Հային պաշտպանող, հային բարձրացնող մենք Աստված ունենք:

Արմեն Նիազյան